Մայիսի 6-ին Թբիլիսիում կայանալու է թուրք-վրացական գործարար համաժողով, որի բացմանը մասնակցելու են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը: Համաժողովում քննարկվելու են վրաց-թուրքական համագործակցության հարցերը՝ էներգետիկ, վերամշակող, կոմունիկացիոն, ճանապարհային շինարարարության և այլ ոլորտներում:
2012-ին վրաց-թուրքական տնտեսական համաժողով է կայացել Բաթումում, որին մասնակցել են թուրք 84 գործարարներ: Նախորդ տարվա դեկտեմբերին Թբիլիսիում անցկացված համաժողովին մասնակցել են թուրքական 35 ընկերություններ:
Թուրք-վրացական տնտեսական և քաղաքական համագործակցությունը վերելք է ապրում, Վրաստանը Թուրքիային տարածաշրջանում դիտարկում է ռազմավարական գործընկեր, իսկ Թուրքիան Վրաստանին համարում է կամուրջ դեպի Հարավային Կովկաս և Միջին Ասիա:
Քաղաքական բարձր մակարդակի հանդիպումները և շփումները նպաստում են երկկողմ կապերի ընդլայնմանը բոլոր ոլորտներում: Այս տարվա հունվարին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի՝ Անկարայում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտային և էներգետիկ ոլորտում համագործակցության հարցերը:
Երկկողմ՝ Վրաստան-Թուրքիա և եռակողմ՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան համագործակցության հիմնասյունը էներգետիկ-կոմունիկացիոն համագործակցությունն է՝ հայտարարվեց նախագահների մակարդակով:
Այս պահին գործում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը (2013-ին արտահանվել է 29.7 միլիոն տոննա ադրբեջանական նավթ), Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը (օրական 12.5 միլիոն խմ գազ), երեք երկրների էներգետիկ համակարգերը միավորող՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ կամուրջ նոր ծրագիրը էլեկտրաէներգիան Ադրբեջանից Վրաստանի տարածքով կարտահանի Թուրքիա, այնտեղից Եվրոպա: «Ազերէներջի» ընկերության նախագահ Էդիբար Պիրպերդիևը հայտարարել է, որ էներգետիկ կամուրջը կսկսի գործել 2014-ից:
Վրաց-թուրքական համագործակցության շրջանակներում է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցումը: Մարգվելաշվիլիի՝ Թուրքիա այցի ընթացքում երկաթգծի շինարարական աշխատանքների հարցը քննարկվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում: Երկկողմ ապրանքաշրջանառությունը ակտիվացնելու նպատակով Թուրքիան սկսել է Չիլդիր/Աքթաշ սահմանային անցակետի շինարարությունը, իսկ Վրաստանը կարդիականացնի Կարցախի անցակետը: Թուրքիա-Վրաստան ապրանքաշրջանառությունը 2013-ի արդյունքներով 1.37 միլիարդ դոլար է, Ադրբեջան-Վրաստանինը՝ 1.19 միլիարդ դոլար: Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանի առաջին և երկրորդ առևտրային գործընկերներ են:
Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան էներգետիկ-կոմունիկացիոն դաշինքի ձևավորումը և այդ միջանցքով Կենտրոնական Ասիայի, Կասպյան տարածաշրջանի նավթագազային ռեսուրսները Ռուսաստանի տարածքը շրջանցելով, այլընտրանքային ճանապարհով Արևմուտք հասցնելու ծրագրերը բխում են եռակողմ և Վաշինգտոնի ու Բրյուսելի աշխարհաքաղաքական շահերից: